Երևանում տրոլեյբուսում բռնկված հրդեհի պատճառը պարզելու համար հանձնաժողով է ստեղծվել

Այրված տրոլեյբուսը
Բեջանյանի խոսքով` տրոլեյբուսի վարորդը զգացել է վառված նյութի հոտ և կանգնեցրել է տրոլեյբուսը։ Նա հայտարարել է այդ մասին և տրանսպորտային միջոցում եղած 6 ուղևորները դուրս են եկել տրոլեյբուսից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Երևանում տրոլեյբուսում բռնկված հրդեհի պատճառն ուսումնասիրելու համար ստեղծվել է տեխնիկական մասնագիտական հանձնաժողով, որի աշխատանքները կավարտվեն մի քանի օրից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը։
Հայտնել էինք, որ Երևանի Սեբաստիայի փողոցում հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային։
«Իմ հրամանով ստեղծվել է տեխնիկական մասնագիտական հանձնաժողով , որն ամենայն մանրամասնությամբ կուսումնասիրի պատահարի պատճառը և կներկայացնի իր մասնագիտական եզրակացությունը»,–ասաց նա։
Բեջանյանի խոսքով` տրոլեյբուսի վարորդը վառված նյութի հոտ է զգացել և կանգնեցրել է տրոլեյբուսը։ Նա հայտարարել է այդ մասին, և տրանսպորտային միջոցում եղած 6 ուղևորները դուրս են եկել տրոլեյբուսից։ Վարորդը իջեցրել է հոսանքընդունիչները և նկատել, որ տրոլեյբուսի առջև մասում հրդեհ է բռնկվել։ Նա անմիջապես վերցրել է կրակմարիչը և փորձել է մարել կրակը, սակայն չի հաջողվել։
Անդրադառնալով տրոլեյբուսների տեխզննմանը, Բեջանյանը նշեց, որ ամեն օր իրենց երթուղին ավարտելուց հետո տրանսպորտային միջոցները գալիս են հավաքակայան և տեխզննում են անցնում։
«Գրքույկներում նշվում է վարպետի կողմից տեխզննում անցնելը... Տեխնիկական խնդիր է եղել, որն էլ հրդեհ է առաջացրել»,–ասաց նա։
Բեջանյանն ընդգծեց, որ 16 տարիների ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել ։ Որևէ դեպքով տուժածներ չեն եղել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք` ուղևորներին շտապ տարհանել են դեպքի վայրի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները, որոնցից մեկը ձեռքերի շրջանում այրվածքներ է ստացել։