ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ուրարտական թագավորության մասին հարցազրույց է տվել ամերիկյան մի ընկերության, սակայն նրա խոսքը հայտնվել է ադրբեջանական CBC ալիքում` Երևանի մասին խեղաթյուրող ռեպորտաժում։ Բադալյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նա նշել է, որ 2023 թվականի նոյեմբերի 27-ին իր հետ կապ է հաստատել վավերագրող–ռեժիսոր Սեդա Գրիգորյանը և տեղեկացրել, որ ամերիկյան ընկերություններից մեկը ցանկանում է գիտահանրամատչելի ֆիլմ նկարահանել ուրարտական թագավորության մասին։ Բադալյանն ու արգելոց–թանգարանի փոխտնօրեն, ուրարտագետ Վահե Սարգսյանը հարցազրույց են տվել Սեդա Գրիգորյանի թիմին ու պատմել, որ Հայաստանն է ուրարտական տերության ժառանգորդը, անդրադարձել են նաև Էրեբունի, Կարմիր բլուր, Օձաբերդ և այլ հնավայրերում վերջին տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների մասին:
«Փաստորեն, Սեդա Գրիգորյանին տրված իմ ծավալուն հարցազրույցից կտրված մի փոքրիկ հատված ինչ-որ ուղիներով տեղ է գտել այդ խեղաթյուրող նյութում: Այդ հատվածում ես խոսում եմ Էրեբունու բազմաշերտ լինելու մասին, և Էրեբունի հնավայրն ունի ոչ միայն ուրարտական կամ հետուրարտական, այլ նաև անտիկ և միջնադարյան շերտեր: Այսինքն մատնանշում եմ Էրեբունի-Երևանի ժառանգական շարունակությունը: Հենց այս հատվածն է կտրվել և դրվել ադրբեջանական կեղծարար նյութում»,– գրել է Բադալյանը:
Նա ընդգծել է, որ փորձ է արվել ներկայացնել, թե իբր Էրեբունին ոչ թե ուրարտական է, այլ միջնադարյան՝ կտրելով իր խոսքը։ Վստահեցրել է` ինքը չի մասնակցել այդ հաղորդման պատրաստմանը:
Թանգարանի տնօրենը շեշտել է, որ Սեդա Գրիգորյանը նույնպես նշել է` ինքը տեղյակ չէ այդ ամենից, համագործակցել է ամերիկյան ընկերության հետ և, հավանաբար, իրեն խաբել են:
Բադալյանն ադրբեջանական այդ նյութը որակել է որպես խեղաթյուրող, շինծու, նենգ, որտեղ ամեն-ինչ արվել է, որպեսզի Երևանը ներկայացվի որպես թյուրքական ցեղերի բնակատեղի, իսկ հայերը` որպես վանդալ: CBC ալիքի ռեպորտաժում նաև նշվում է, իբր հայերը հորինել են, թե Երևանը Հռոմից հին է, բայց հին քաղաքի որևէ վկայություն չունեն:
«Նրանք նաև հորինում են, որ Հանրապետության հրապարակի մոտ հայերը պեղել են կառույցներ և իմանալով, որ դրանք ադրբեջանական են, ծածկել են դրանք»,– նշում է Բադալյանը:
Նա վստահ է` այս ամենը կապված է իր գործունեության հետ և, հատկապես, Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ուղղված իր պայքարի, քանի որ այդ դասագրքում որևէ տող չկա, որ Էրեբունին և Երևանը իրար հետ կապ ունեն:
Թանգարանի տնօրենի կարծիքով` հենց իր հարցազրույցն է տեղադրվել ադրբեջանական ԶԼՄ–ի ռեպորտաժում, քանի որ ցանկանում են «փչացնել» իրեն։ Նա ընդգծել է` ոչ ոքի չի հաջողվի հայից խլել ու ջնջել իր ինքնությունը, պատմությունը, ժառանգությունը։