ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Բաքվում հուսով են, որ մոտ ապագայում Երևանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլ կլինի։ Էստոնիայի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
«Բանակցությունների հիմնական ուղին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումն է», - ասել է նա:
Նա նշել է, որ բացի հիմնական ուղուց, կան ևս երկուսը՝ հաղորդակցությունների բացում, ինչպես նաև սահմանազատում՝ հետագա սահմանագծմամբ։
Ալիևի ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ Եվրոպան միայն կշահի Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտալուտ խաղաղության ստորագրումից:
Նրա խոսքով` եթե Եվրոպայի երկրները չեն կարող օգնել այդ հարցում, ապա Բաքուն ակնկալում է, որ նրանք գոնե չեն խոչընդոտի։
«Եվրամիությունը միասնական կառույց չէ, ԵՄ առանձին երկրների դիրքորոշումները բացասաբար են ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործընթացի վրա»,- հայտարարել է Ամիրբեկովը:
Ալիևի ներկայացուցիչը կարծում է, որ Եվրամիությունը պետք է երջանիկ լինի, որ իր անմիջական հարևանությունում, այն է՝ Հարավային Կովկասում, նոր պատերազմի հեռանկար չի առաջանում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկների փաթեթը: Ինչպես հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Բաքուն ակնկալում է, որ կողմերի միջև հանդիպումներ կլինեն 2024 թվականին: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտնել է, որ Երևանը ստացել է Բաքվի առաջարկները և այժմ ուսումնասիրում է դրանք: