Ամանորին պայթուցիկներից տուժել է 5 քաղաքացի, գրանցվել է թունավորման 18 դեպք. Մուրադյան

Հիվանդանոց
Պայթուցիկներից տուժած որոշ քաղաքացիների մոտ մատների ամպուտացիայի կարիք է զգացվել, թունավորված քաղաքացիների մեջ կան նաև երեխաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ամանորին «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցներում արձանագրվել են ինչպես թունավորման, այնպես էլ պայթուցիկներից, հրավառությունից և ճայթուկներից վնասվածքների դեպքեր: Տեղեկությունը հայտնել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում։
««Հերացի» թիվ 1 հիվանդանոց դիմած պացիենտների վնասվածքների մեծ մասի համար հիմք են հանդիսացել պայթուցիկները, որից տուժել է 5 քաղաքացի, նրանցից 2-ի մոտ եղել է ձախ դաստակի մատների ամպուտացիայի կարիք, իսկ 2 պացիենտի մոտ արձանագրվել է պատռված վերք, 1-ի մոտ` մատի վնասվածք»,– հայտնել է նա:
Մուրադյանը նաև նշել է, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիր դեկտեմբերի 31-ին դիմել է մեկ քաղաքացի, ում մոտ հրավառության պատճառով վնասվածք է արձանագրվել:
Բացի այդ, տոնական օրերին գրանցվել է 18 թունավորման դեպք, որից 5-ը շմոլ գազից, 5-ը քիմիական, և ևս 8-ը ալկոհոլային թունավորում։ Հատկանշական է, որ ալկոհոլային թունավորումները գրանցվել են 10-15 տարեկան անչափահաս երեխաների մոտ` մեկ 10 տարեկան, երկու 16 տարեկան և երեք 15 տարեկան: