ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – sputnik. Թուրքիայի ուժայինները 8 նահանգներում իրականացված գործողության արդյունքում Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալել են 33 մարդու, ևս 13-ը հետախուզման մեջ են։ Տեղեկությունը հայտնում է DHA գործակալությունը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան դեկտեմբերին հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ իսրայելական հետախուզության որևէ հարձակում Թուրքիայի տարածքում անթույլատրելի է, նման իրադարձության դեպքում Իսրայելը «բարձր գին» կվճարի:
«Հետաքննության շրջանակում, որը վարում է Ստամբուլի գլխավոր դատախազությունը, 8 նահանգներում ձերբակալվել է 33 մարդ, որոնք կասկածվում են Մոսադի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Ձերբակալման օրդեր են տվել 46 մարդու համար, մյուսները դեռ հետախուզման մեջ են», - հայտնում է գործակալությունը։
Նշվում է, որ Մոսադը ծրագրել է Թուրքիայում օտարերկրյա քաղաքացիների հետապնդման, հարձակման և առևանգման գործողություններ:
Իսրայելցի բոլոր դիվանագետները, այդ թվում դեսպանը, Թուրքիայից հեռացել են դեռ հոկտեմբերի 19-ին: Թուրքիայի ԱԳՆ-ն նոյեմբերի 4-ին հայտնել էր Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Թել Ավիվում դեսպան Շակիր Թորունլարին Անկարահետ կանչելու որոշման մասին: Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի որոշումն Անկարային ավելի է մոտեցնում ՀԱՄԱՍ-ին:
Ավելի վաղ ամերիկյան Wall Street Journal թերթը, հղում անելովիսրայելցի պաշտոնյաներին, գրել էր, որ Իսրայելի հատուկ ծառայությունները պատրաստվում են Գազայում պատերազմի ավարտից հետո ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին ամբողջ աշխարհում: Մասնավորապես, ծրագրեր են մշակվում Լիբանանում, Թուրքիայում և Կատարում ապրող ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հետևելու համար։ Այժմ Իսրայելն աշխատում է Գազայում շարժման ղեկավարներին գրավելու և վերացնելու ուղղությամբ։