ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած մի շարք հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 55-ի, տուժել է ավելի քան 100 մարդ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Վաձիմա և Սուձու քաղաքներում, որտեղ երկրաշարժերի հետևանքով մահացել է համապատասխանաբար 24 և 20 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 48 զոհի մասին: Մարդիկ կարող են լինել նաև փլատակներում։
Հունվարի 1–ին Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Դրանց տրվել է «Երկրաշարժ Նոտո թերակղզում» անվանումը։ Ամենահզորի մագնիտուդը կազմել է 7,6։
Ստորգետնյա ցնցումները հանգեցրել են տների ավերածությունների և արագընթաց գնացքների երթևեկության դադարեցման, ավելի քան 32 հազար տների էլեկտրաէներգիայի անջատման: Որոշ շրջաններում նկատվում են ջրամատակարարման և կապի անջատումներ: Արձանագրվել են ճանապարհների վնասվածքներ։ ԱԷԿ-ի աշխատանքում խափանումներ չեն հայտնաբերվել։
Նշենք, որ 2024 թվականի հունվարի 1-ի երկրաշարժն ամենահզորն էր Նոտո թերակղզու տարածաշրջանի համար 1885 թվականից ի վեր, երբ սկսվել է վիճակագրությունը: