Ճապոնական Իսիկավայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30–ի

Ավելի վաղ հաղորդվել էր 24 մահացածի մասին, տուժածների թիվը տասնյակների է հասնում, մարդիկ կարող են փլատակներում գտնվել շենքերի փլուզումից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում մի շարք հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 30-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:
Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Վաձիմա քաղաքում. այստեղ երկրաշարժերի հետևանքով 15 մարդ է մահացել:
Հունվարի 1–ի ցերեկը Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Դրանց տրվել է «Երկրաշարժ Նոտո թերակղզում» անվանումը։ 5,7 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16.06-ին (Երևանի ժամանակով 10.06-ին): Երկրորդ՝ ավելի հզոր հարվածը` 7,6 մագնիտուդով, տեղի է ունեցել տեղական ժամանակով 16։10-ին (Երևանի ժամանակով 10։10-ին)։ Եվս ութ րոպե անց տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով նոր երկրաշարժ:
Օդերևութաբանների տվյալներով՝ հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը տարածաշրջանում գրանցվել է Ճապոնական սանդղակով երկու բալից բարձր ուժգնությամբ 87 կրկնակի ստորգետնյա ցնցում: Ավելի վաղ սեյսմոլոգները նախազգուշացրել էին մոտ մեկ շաբաթվա ընթացքում ուժեղ հետցնցումների հնարավորության մասին:
Ճապոնիայի երկրաշարժերից հետո ՌԴ Մագադանի շրջանում սառույցի արագ հալվելու սպառնալիք կա
Ստորգետնյա ցնցումները հանգեցրել են տների ավերածությունների և արագընթաց գնացքների երթևեկության դադարեցման, ավելի քան 32 հազար տների էլեկտրաէներգիայի անջատման: Որոշ շրջաններում նկատվում են ջրամատակարարման և կապի անջատումներ: Արձանագրվել են ճանապարհների վնասվածքներ։ ԱԷԿ-ի աշխատանքում խափանումներ չեն հայտնաբերվել։
Նշենք, որ 2024 թվականի հունվարի 1-ի երկրաշարժն ամենահզորն էր Նոտո թերակղզու տարածաշրջանի համար 1885 թվականից ի վեր, երբ սկսվել է վիճակագրությունը: