ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել, հրշեջներից 2-ը տուժել են, հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ հունվարի 1-ին ՝ ժամը 20։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել հրդեհի մասին։
«Կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից և հրշեջները մեծ դժվարությամբ էին կարողանում կրակի դեմն առնել»,-գրում է կայքը։
Կրակի դեմ մի քանի ժամ պայքարելուց հետո հրշեջներին հաջողվել է 23։50-ի սահմաններում մեկուսացնել, ապա մարել կրակը։
Այրվել է մոտ 2000 քմ տարածքում կուտակված աղբ։
Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում մի քանիսին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, իսկ 2 փրկարարի տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից 21 փրկարար։ Օգտագործվել է մոտ 86 տոննա ջուր։