ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել Երևանում այրված տրոլեյբուսի դեպքով

Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Երևանում տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Հայտնել էինք, որ Երևանի Սեբաստիայի փողոցում հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին։
«Տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման պատահարները բացառելու համար»,-ասել է պաշտպանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, հղում անելով shamshyan.com-ին, հայտնել էինք` ուղևորներին շտապ տարհանել են դեպքի վայրի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները, որոնցից մեկը ձեռքերի շրջանում այրվածքներ է ստացել։