Ի՞նչ վնասներ են եղել Երևանում տրոլեյբուսի հրդեհից. մանրամասներ, լուսանկարներ

Տրոլեյբուսից բացի այրվել է նաև հարակից հագուստի խանութի պատից մոտ 4 քմ հատված և ջերմահարվել խաչմերուկի մոտ տեղադրված տեսախցիկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Երևանում բռնկված տրոլեյբուսն ամբողջությամբ այրվել է, տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ այսօր՝ ժամը 11:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից Մալաթիայի փողոց տանող հատվածում այրվում է տրոլեյբուս։
Երևանում այրված տրոլեյբուսը
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Փրկարարները մարում են տրոլեյբուսում բռնկված հրդեհը
Պարզվել է, որ Սեբաստիայի և Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում (վարորդ՝ Վ․ Ա․) հրդեհ է բռնկվել, այնուհետև վերջինս բախվել է կայանած «Skoda» մակնիշի ավտոմեքենային. տուժածներ չկան։
Փրկարարները մարում են տրոլեյբուսում բռնկված հրդեհը
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։01-ին, մարվել՝ 12։26-ին։ Այրվել են տրոլեյբուսը, հարակից հագուստի խանութի պատի գիպսակարդոնից մոտ 4 քմ հատված, ջերմահարվել է խաչմերուկի մոտ տեղադրված տեսախցիկը։
Երևանում այրված տրոլեյբուսը
Հիշեցնենք, որ ավելի վաղ, հղում անելով shamshyan.com-ին, հայտնել էինք` ուղևորներին շտապ տարհանել են դեպքի վայրի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները, որոնցից մեկը ձեռքերի շրջանում այրվածքներ է ստացել։