ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում Ամանորի գիշերը շուրջ 3000 օտարերկրյա քաղաքացիներ կանխարգելիչ ստուգումների շրջանակներում տարվել են ոստիկանություն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ իրավապահ մարմիններում իրենց աղբյուրին հղումով։
«Ստուգման արդյունքում պարզվել է, որ նրանցից ավելի քան 600-ը ՌԴ-ում են գտնվում միգրացիոն օրենսդրության խախտումներով։ Նրանք ենթարկվել են վարչական պատասխանատվության»,- հայտնում է լրատվամիջոցի աղբյուրը։
Նշվում է, որ Ամանորի գիշերը իրավապահ մարմիններն ապահովել են Սանկտ Պետերբուրգում հասարակական կարգի ու անվտանգության պաշտպանություն, հասարակական կարգի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։
Միգրացիոն օրենսդրությունը խախտած ավելի քան 100 օտարերկրացիների մասով քննարկվում է Ռուսաստանի Դաշնությունից հետագա արտաքսման հարցը։