Թալանել են ՀՀ ԱԻ նախկին նախարարին պատկանող «Ռենեսանս» հյուրանոցային համալիրը

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Համալիրի անվտանգության աշխատակիցը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է մի քանի մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Երևանում թալանել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» հյուրանոցային համալիրը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել 2023 թ. դեկտեմբերի 29-ին:
Կայքի տեղեկություններով՝ այդ օրը ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստցավել հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից, Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Արմենակ Ղ․-ից, որ ժամը 01։30-06։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատուհանը, մտել ներս և այնտեղից տարել չհրկիզվող պահարանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը; Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արմենակ Ղ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է մի քանի մլն դրամ։