Մայր աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են Հանրային հեռուստաընկերության առաջ

Մայր աթոռի Մատենադարան
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձինք հավատացյալ հայ ժողովրդին զրկում են ազգային հեռուստաալիքից լսելու իր հոգևոր հայրապետի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Մայր աթոռի Մատենադարանը և հրատարակչությունը դադարեցնում են համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ: Տեղեկությունը հայտնում է «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը:
«Այսուհետև դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ. քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձինք հավատացյալ հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու իր հոգևոր հայրապետի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը։
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է եթեր հեռարձակել Վեհափառ Հայրապետի տարեմուտի ուղերձը։
Մայր աթոռի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ Հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրել է, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվել է Ամենայն հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել «Լուրերի» երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր աթոռի կողմից պատշաճ չի դիտվել և մերժվել է։
Հանրայինից էլ հայտնել են, թե հրաժարվել են կաթողիկոսի ուղերձը եթեր արձակել, քանի որ Մայր աթոռից իբր պահանջել են ուղերձը տալ ուղիղ կեսգիշերին։