ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են օդանավակայանների սահմանային անցակետերում ներդնել դեմքերի ճանաչման տեխնոլոգիա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Times թերթին։
«Մեծ Բրիտանիա ժամանող ուղևորները ստիպված չեն լինի իրենց անձնագրերը ներկայացնել սահմանին։ Օդանավակայաններում կտեղադրվեն սահմանային հսկողության ավտոմատ համակարգեր, որոնք թույլ կտան ուղևորներին երկիր մուտք գործել միայն դեմքի ճանաչման առաջադեմ տեխնոլոգիայի միջոցով»,- գրում է թերթը։
Նշվում է, որ նոր տեխնոլոգիայի փորձարկումները բրիտանական օդանավակայաններում կսկսվեն 2024 թվականին։
Մեծ Բրիտանիայի սահմանապահ ուժերի ղեկավար Ֆիլ Դուգլասը Times-ին ասել է, որ ծրագրի նպատակն է ստեղծել «խելացի սահման», որը շատ ավելի «անխափան» է, քան ներկայիսը:
Միաժամանակ թերթը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում սահմանային հսկողության գործող ավտոմատացված համակարգերը վերջին տարիներին բազմիցս խափանվել են, ինչի հետևանքով առաջացել են հերթեր։