ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանը վերածվել է մի մեծ քրեակատարողական հիմնարկի, որում ազատությունից, խղճից, արժանապատվությունից, իրավունքներից, ապագայից, հույսից, անգամ` կյանքից զրկում են մի ամբողջ ժողովրդի։ Այս մասին նշված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից արված գրառման մեջ։
«Այն հիմնարկում, որտեղ Նիկոլի ապօրինի և անբարո սարքոցիով դիմավորելու եմ օրացույցային հունվարի 1-ը` կտրված իմ օջախից, ընտանիքից և երեխաներից, մի արտահայտություն կա, որով մարդիկ գոտեպնդում, հուսադրում և քաջալերում են իրար. «Կգա մի օր` կմնա մի օր»:
Իմ խորին համոզմամբ, բանտային լիրիկայից այս կարգախոսը գալիք տարվա նախաշեմին ամենատեղին հնչող խոսքը կարող է լինել ամբողջ երկրի համար։
Հայաստանը վերածվել է մի մեծ քրեակատարողական հիմնարկի, որում ազատությունից, խղճից, արժանապատվությունից, իրավունքներից, ապագայից, հույսից, անգամ` կյանքից զրկում են մի ամբողջ ժողովրդի»,-մասնավորապես գրել է Աշոտյանը։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: