ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը քննարկելը տեղին չէ և վնասակար է։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Հայաստանում ՌԴ ռազմաբազայի թեմայի մասին խոսելիս նա հիշեցրել է, որ «դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին` հիմնվելով երկու պետությունների ազգային շահերի վրա»։
«Այդ փաստաթղթի 26-րդ հոդվածի համաձայն` մեր զինծառայողների գտնվելու ժամկետը 49 տարի է, այդ ժամկետի ավարտից հետո համաձայնագիրն ինքնաբերաբար երկարացվում է 5 տարի ժամկետով», – նշել է դիվանագետը։
Գալուզինի խոսքով` «ՌԴ զինվորներն ու սպաները շարունակում են արդյունավետորեն ապահովել ոչ միայն Հայաստանի խաղաղությունն ու անվտանգությունը, այլև կայունությունը ողջ Հարավային Կովկասում»։
Հիշեցնենք, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։ Գյումրու 102-րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը Երևանում գտնվող «Էրեբունի» օդանավակայանն է, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգում հակաօդային պաշտպանության գծով։