ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Հայ-վրացական սահմանին ՝ Բագրատաշենի անցակետի մոտ, հսկայական հերթեր են գոյացել։ Կիլոմետրեր ձգվող խցանումների լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են սոցցանցերում։
Խցանումների մասին տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին միկրոավտոբուսներով Երևան-Թբիլիսի փոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները։
Այդ ընկերություններից մեկի մենեջերի խոսքով ՝ իրենց մեքենան ամբողջ գիշեր կանգնած է եղել սահմանին, իսկ այսօր առավոտյան մեկնած ևս մեկը Բագրատաշենի անցակետի մոտ սպասում է արդեն երեք ժամ: Պատճառը պարզ է. շատերը մեկնում են հանգստանալու ամանորյա տոներին, նշել է նա։
Ականատեսները հայտնում են, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները ցանկացողներին առաջարկում են շրջանցել հիմնական մայրուղին (գյուղերի ներսում երևանցիներին անհայտ ճանապարհներով) և դուրս գալ արդեն սահմանի մոտ ՝ կողքից մխրճվելով հերթի մեջ: Դրա համար «օգնականները» որոշակի գումար են գանձում։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստանում ամանորյա ոչ աշխատանքային օրերը պահպանվել են. եթե նախկինում պաշտոնապես հանգստանում էին դեկտեմբերի 31 – ից հունվարի 6-ը ներառյալ, ապա այժմ ՝ միայն դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին: