Արզաքանցյանն ազատ է արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել. ՔԿ

Տիգրան Արզաքանցյան. Արխիվային լուսանկար
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ներկա պահին նախաքննություն է իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք` Արզաքանցյանին, որը դեկտեմբերի 29-ին պատրաստվում էր Երևանից Դուբայ մեկնել, «Զվարթնոց» օդանավակայանից բերման էին ենթարկել։ Լուրեր էին շրջանառվում նաև, որ նրան ձերբակալել էին։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել 335-րդ հոդվածի հատկանիշներով, պարզվում է փամփուշտների անօրինական կամ օրինական լինելու հանգամանքը»,– նշեցին ՔԿ–ից։

Գերատեսչությունից հայտնեցին, որ քրեական հետապնդում չի հարուցվել, ներկայում նախաքննություն է իրականացվում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 07։30-ի սահմաններում են նրան բերման ենթարկել։ Արզաքանցյանի ձեռքի պայուսակում անհայտ տիպի հրազենի 16 փամփուշտ է հայտնաբերվել։