ԵՐԵՎԱՆ,28 դեկտեմբեր – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարարը եղել է արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին։ Նա նաև ճաշել է զինծառայողների հետ։
Սուրեն Պապիկյանն այցելել է արևելյան սահմանագոտի
© Photo : MoD of RA
Այնուհետև Պապիկյանը շրջել է առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպել մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, տրամադրությամբ և մաղթել զգոն ու անփորձանք ծառայություն»,– գրված է հաղորդագրությունում։
Նախարարը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով։
Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև այսօր ժամկետային երկամյա ծառայությունն ավարտած զինվորներին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար՝ անձամբ նրանց հանձնելով զինվորական գրքույկները։