ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Աթենքի «Էրիտրոս Ստավրոս» («Կարմիր խաչ») հիվանդանոցում կազմակերպված սուրբծննդյան երեկույթը մեծ աղմուկ է բարձրացրել. բուժանձնակազմը պարել է բուժկենտրոնի միջանցքում, իսկ այդ պահին սանիտարները պատգարակով տեղափոխել են հիվանդներից մեկին։ Տեղեկությունը հայտնում է news247.gr հարթակը։
«Երեկույթը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին, բայց աղմուկը բարձրացել է այն բանից հետո, երբ դեկտեմբերի 29-ի երեկոյան ընդդիմադիր ՍԻՐԻԶԱ կուսակցության պատգամավոր Պավլոս Պոլակիսը տեսանյութ է հրապարակել Х սոցիալական ցանցում:
Հարթակի տվյալներով՝ երեկույթի կազմակերպիչը հիվանդանոցի ադմինիստրատոր Էլպինիկի Տավիանատուն է, որը երևում է տեսանյութում: Ղեկավարությունը աշխատակիցներին նախապես նամակ է ուղարկել` հրավիրելով կենտրոնական մասնաշենքի ընդունարան՝ ֆուրշետով և կենդանի երաժշտությամբ երեկույթին մասնակցելու։
Առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ նախարար Միխայիլ Խրիսոխոիդիսի հրամանով բուժկենտրոնում ստուգում կանցկացվի վարչական ծառայողների և աշխատակիցների կարգավիճակի մասին օրենսգրքի խախտման համար։
Հունական Կարմիր խաչը հայտարարել է, որ ոչ մի կապ չունի այդ հիվանդանոցի հետ: