«Քննարկում ենք բացառապես Ադրբեջանի հետ». Գալուզինը՝ ԼՂ-ում գտնվող խաղաղապահների մասին

Միխայիլ Գալուզին
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանի իշխանությունների որոշումից հետո իրավիճակն արմատապես փոխվեց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը Մոսկվան քննարկում է ադրբեջանական կողմի հետ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը ոչ ոք չի չեղարկել, և դրանում նախատեսված է, որ խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբեր՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ:
«Իհարկե, իրավիճակն արմատապես փոխվեց, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշեց Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն ամրագրվեց ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպումից», - նշել է Գալուզինը։
Այժմ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը քննարկում է բացառապես ադրբեջանական կողմի հետ: Գալուզինի խոսքով՝ դա տեղի է ունենում փոխադարձ հարգանքի և կառուցողական մթնոլորտում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հերթական լայնածավալ հարձակումից հետո, երբ ավելի քան 101 հազար մարդ բռնի տեղահանվեց Արցախից, ՌԴ խաղաղապահները սկսեցին ապամոնտաժել իրենց դիտակետերը։