Պուտինի նախընտրական շտաբը ստացել է նրան սատարող ստորագրությունների առաջին խմբաքանակը

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ գործող նախագահի նախընտրական շտաբը ստացել է երկրի ղեկավարի պաշտոնում Վլադիմիր Պուտինի առաջադրման օգտին հավաքված ստորագրությունների առաջին խմբաքանակը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով շտաբին։
Պուտինը դեկտեմբերի 18-ին փաստաթղթեր է ներկայացրել ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ինքնառաջադրման կարգով նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:
Օրենքի համաձայն՝ նախագահական ընտրություններում ինքնառաջադրված անձը պետք է իր աջակցության համար հավաքի ընտրողների առնվազն 300 հազար ստորագրություն (ընդ որում` Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր սուբյեկտին պետք է բաժին ընկնի ոչ ավելի, քան 7,5 հազար ստորագրություն): Թեկնածուի աջակցության ստորագրությունները պետք է ներկայացվեն Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ դեկտեմբերի 27-ից հունվարի 31-ը:
Ռուսաստանի նախագահի ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։