Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է «Ինտերի» հետ պայմանագիրը. աղբյուր

Հենրիխ Մխիթարյան
Ըստ նոր պայմանագրի` ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբեր – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2025 թվականը։ Այս մասին X–ի միկրոբլոգում գրել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։
Նրա տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո: Լրագրողը նշել է նաև, որ միլանյան ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու համար Մխիթարյանը մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի առաջարկը:
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ և կրկնակի բարձր աշխատավարձով երկու տարվա պայմանագիր առաջարկել Մխիթարյանին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից: Պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել