ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի «Կովերի պարտեզում» հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները։ Այս մասին գրված է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգում։
Դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 զինված սադրիչներ ներխուժել են Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք և հարձակվել մարդկանց վրա: Հայոց հոգևոր ակադեմիայի մի քանի քահանաներ, սարկավագներ և ուսանողներ, ինչպես նաև բնիկ հայեր լուրջ վնասվածքներ են ստացել։
«Իսրայելի իշխանությունները պատասխանատու են նման բռնությունները կանխելու, ինչպես նաև ստատուս քվոյի ցանկացած փոփոխության համար»,– հայտարարել է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը։
Նշվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր համերաշխությունը Երուսաղեմի Հին քաղաքի հայ համայնքի հետ և շարունակելու է ուշադիր հետևել իրավիճակին։
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը գործարար Դենիել Ռուբինշտեյնին 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիր` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։