Բաքվում արդյունավետ են որակել Փաշինյանի ու Ալիևի վերջին շփումը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ Բաքուն Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շփումը: Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանն ու Ալիևը դեկտեմբերի 26-ին հանդիպել են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Ըստ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի` ոչ պաշտոնական շփման ժամանակ նրանք քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով։
Հաջիևը նշել է, որ ադրբեջանական կողմը ձգտում է առաջ տանել խաղաղության գործընթացը և լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար:
Միաժամանակ նա չի խոսել փաստաթղթի ստորագրման հնարավոր ժամկետի մասին` նշելով, որ կողմերը շարունակում են բանակցել։
Նշենք, որ Ադրբեջանն ավելի վաղ Հայաստանին էր ուղարկել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը: Ինչպես հայտարարել էր Բայրամովը, Բաքուն ակնկալում է, որ կողմերի միջև հանդիպումներ կանցկացվեն 2024 թվականին: Նա ընդգծել էր, որ վերջին շրջանում իրենք դրական ազդակներ են ստանում Երևանից, բայց խաղաղության գործընթացի վերաբերյալ իրական գործողություններ են ակնկալում ՀՀ–ից:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում կհանդիպեն հունվարին. Մարուքյան
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։