Տարվա բառն «ապրումակցում»–ն է. Լեզվի կոմիտեն ամփոփեց քվեարկության արդյունքները

Ըստ քվեարկության արդյունքների` երկրորդ տեղում խաղաղություն բառն է` 30%։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. 2023–ի բառն «ապրումակցում»–ն է։ ՀՀ լեզվի կոմիտեն ամփոփեց «Տարվա բառը-2023»-ի արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 12 քվեարկվածներից ամենաշատ ձայները` 42%, ստացել է «ապրումակցում» բառը։
«Թեև դիմացինի ապրումները սեփականի պես զգալը միշտ էլ հատուկ է եղել մարդուն, բայց «ապրումակցում» բառը նորաբանություն է։ Հավանաբար ստեղծվել է «կարեկցում» բառի նմանությամբ, բայց որպես երևույթ ավելի ընդգրկուն է»,– նշում են Լեզվի կոմիտեից` հավելելով, որ այն ունի բառարանային գրանցում։
Թե ինչու է նախապատվությունը տրվել հենց այս բառին, կոմիտեից պարզաբանում են այսպես.
«Մարդկային հարաբերություններին ուղղված մեր թարմ հայա՞ցքն է բնորոշում այն, մեր կարիք–ակնկալի՞քը դիմացինից, թե՞ այդ ամենամարդկային հատկանիշը կորցնելու վախը։ Գուցե բոլորը միասին»։
Ըստ քվեարկության արդյունքների` երկրորդ տեղում խաղաղություն բառն է` 30%։
«Սա մենիմաստ բառ չէ, բայց մեզ համար այսօր այն նախ և առաջ նշանակում է պատերազմի, հակամարտության բացակայություն, և բնական է, որ շատերի հայացքը նրան է ուղղված։ Կարևոր է նաև մարդու ներքին խաղաղությունը։ Իսկ դրա համար այս բառի մյուս իմաստներն են պետք․ լռություն, հանդարտություն, անդորրություն, հաշտություն և այլն»,– պարզաբանել են կոմիտեից։
Երրորդ տեղում «հայասաթ» բառն է` 7%։
Ըստ կոմիտեի` Հայասաթ-1-ը հայկական առաջին տիեզերական արբանյակն է։ Բառը ստեղծվել է հայ և լատիներեն ծագմամբ satelles` արբանյակ բառերից, որոնք միացել են ա հոդակապով։ Բնորոշում է մեր լավատեսությունը Հայաստանի գիտական ապագայի նկատմամբ։
Նշենք, որ «Տարվա բառ» ընտրելու համար քվեարկության էր դրվել 12 բառ`
1.
Ապրումակցում
2.
Արդարամիտ
3.
Գործակարգավարական խորհրդակցություն
4.
Գրավչություն
5.
Զարդապատյան
6.
Խաղաղություն
7.
Խաչմերուկ
8.
Խոսույթ
9.
Հայասաթ
10.
Մրգատուն
11.
Տարակարգ
12.
Տնտեսվարող
Նախորդ 2 տարիներին քվեարկությամբ առավելագույն ձայներ են ստացել «առաջնագիծ» (2021 թ․) և և «գիտարբուք» (2022 թ․) բառերը։