«Սյունիք» օդանավակայանում 2024 թվականին նոր սարքավորումներ կգործարկվեն. նախարար

«Սյունիք» օդանավակայան
Օդանավակայանի համար նոր սարքավորումները ձեռք են բերվել շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ համատեղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Սյունք» օդանավակայանը շարունակում է բնականոն կերպով պարբերական չվերթեր իրականացնել, իսկ 2024 թվականից նոր սարքավորումներ կգործարկվեն։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Միայն մի քանի դեպք է եղել, որ եղանակային պայմանների պատճառով չվերթեր չեն իրականացվել»,– նշեց Սանոսյանը։
ՏԿԵ նախարարի խոսքով` շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ որոշ նավիգացիոն և հիդրոօդերևութաբանական սարքեր են ձեռք բերել, որպեսզի տեղադրվեն օդանավակայանում։ 2024 թվականին դրանք կգործարկվեն, ու եղանակային պայմաններից կախվածությունը կնվազի։
«Կապանի օդանավակայանն այս տարի իրականացրել է 22 չվերթ, նկատի ունենք գնալ-գալը։ Տեղափոխել ենք ընդամենը 189 ուղեւոր։ Մեծամասամբ լինում է, որ ինքնաթիռի տոմսերը վաճառված չեն։ Մենք հասկանում ենք՝ ինչու է այդպես, դրա համար շարունակում ենք մեր գրաֆիկով, չենք դադարեցնում չվերթերը։ Եվ մենք որոշակի դրական տենդենց տեսնում ենք, հատկապես դեկտեմբերին»,,– ասաց Սանոսյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 17-ին Երևան–Կապան չվերթով Սյունիք մեկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ օգոստոսի 19-ին` Կապան քաղաքի օրվա առիթով, չեխական «ՆովԷյր» ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավը ուղևորափոխադրում իրականացրեց Երևան-Կապան-Երևան երթուղով:
Կանոնավոր թռիչքներն իրականացվում են երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Մի ուղղությամբ տոմսի արժեքը 20.000 դրամ է։
Գորիսի օդանավակայանի վերագործարկման համար որոշ աշխատանքներ են արվել. Սանոսյան