Փոխանակել կամ տարածքային կարգավորումներ ստանալ. Սանոսյանը` այսպես կոչված անկլավների մասին

Գնել Սանոսյան. Արխիվային լուսանկար
Կարգավորումներ ասելով ՏԿԵ նախարարը նկատի ունի հարցը քննարկել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքում գտնվող 8 գյուղը պետք է կամ փոխանակել, կամ տարածքային կարգավորումներ տալ։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` անդրադառնալով, այսպես կոչված, անկլավների հարցին։
«Կան տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում, կան տարածքներ, որ մենք ենք դրանց մասին խոսում։ Այժմ գործընթացը պետք է կազմակերպել հետևյալ կերպ` այդ տարածքները պետք է նախանշվեն և դրանց իրավաբանական հիմքերը վերհանվեն։ Դրանից հետո տեղի ունենա 2 գործընթաց՝ մեկը փոխանակումն է, իսկ մյուսը՝ տարածքային որոշակի կարգավորումներ ունենալ։ Կարգավորում ասելով նկատի ունեմ այդ տարածքների հարցը քննարկել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում»,– ասաց Սանոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին քաղաքացիների հարցերին ուղիղ եթերում ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը նշել էր, որ Տավուշի մարզում անկլավների հարցը կա։ Նա ընդգծել էր` երբ ասվում է Հայաստանի 29.800 ք/կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավներ/անկլավները, որոնք Խորհրդային Միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին։ ՀՀ 29.800 ք/կմ–ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է` շրջափակված խորհրդային Ադրբեջանի տարածքով։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22–ի ասուլիսում էլ հստակեցրել էր, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարել, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասել էր նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։