ԼՂ–ից բռնի տեղահանված երեխաներից 10–ն են այս պահին խնամքի կենտրոնում. Նարեկ Մկրտչյան

Նարեկ Մկրտչյան
Նարեկ Մկրտչյան
ՀՀ խնամքի հաստատություններում են գտնվում բռնի տեղահանված ավելի քան 90 միայնակ տարեցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, առանց ծնողական խնամքի մնացած 10 երեխա այս պահին գտնվում են ՀՀ խնամքի հաստատության հոգածության ներքո։ Հումանիտար կենտրոնում տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Բացի այդ, խնամքի հաստատություններում են նաև գտնվում ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 90 միայնակ տարեցներ, որոնք, նախարարի վստահեցմամբ, ստանում են բոլոր այն ծառայությունները, որոնք հասանելի է ՀՀ քաղաքացիների համար։
Ինչ վերաբերում է ԼՂ–ից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց, ապա, ըստ Մկրտչյանի, նրանք, ովքեր առաջին անգամ կդիմեն փորձաքննություն անցնելու համար, կանցնեն ՀՀ–ում գործող նոր ընթացակարգով, այն է` ֆունկցիոնալության գնահատմամբ։
«Նրանք, ովքեր առաջին անգամ չեն դիմում, կրկին սահմանված կարգով` գոյություն ունեցող փորձաքննության ընթացակարգի միջոցով, կանցնեն այդ փորձաքննությունը, կստանան համապատասխան ցուցում, որից հետո նախարարությունում հավաստագրված կազմակերպությունների միջոցով կստանան համապատասխան աջակցող միջոցներ` սայլակներ, քայլակներ, օրթեզներ, պրոթեզներ և այլն»,– ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։