Հայոց պատմության աղմկահարույց դասագրքում 46 շտկում կարվի

Դասագրքեր
Դասագրքի աշխատանքային խմբի ղեկավարը խոսել է սխալների ու թյուրիմացությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. «Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում 46 շտկում կարվի, և դրանք ներդիրի տեսքով կներկայացվեն դպրոցներին։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը։
Նա նշեց, որ կիրականացվեն բովանդակային նյութերի 15 էական, 13 աննշան, տարեթվերին վերաբերող 13 և ուղղագրական 5 շտկումներ։
Բացի այդ շտկումներից, կփոխվի նաև Վանի թագավորության` բազմիցս քննարկված քարտեզը։
«Այդ քարտեզը թյուրիմացաբար է դրվել ժամանակի սղության ու տարբեր հանգամանքների պատճառով։ Կլինի նոր մշակված քարտեզ, որը ներկայացվել է Էրեբունու թանգարանի մեր գործընկերներին։ Կփոխվի նաև Ղազար Փարպեցու պատկերը, որը ևս սխալ է տեղադրված»,– հայտնեց Սողոմոնյանը։
Սողոմոնյանը հավելեց, որ ուսումնասիրվել են բոլոր քննադատությունները և դիտարկումները, ինչպես նաև Մայր աթոռի նամակը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում, որոնք վերաբերում են մասնավորապես Ուրարտուի ժամանակաշրջանին, որևէ տեղ հիշատակում չկա, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց։ Նրանք կարծում են, որ հեղինակը նաև այնպիսի մտքեր է գրել, որոնք ջուր են լցնում թուրք ազգայնամոլական պատմագիտական մոդելի վրա։