ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր տեսաուղերձում կոչ է արել երկրներին 2024 թվականին համախմբվել և հաղթահարել տարաձայնությունները:
«2024 թվականը պետք է լինի վստահության վերականգնման և հույսի վերադարձի տարի։ Մենք պետք է համախմբվենք՝ տարաձայնությունները հաղթահարելու և ընդհանուր լուծումներ գտնելու համար», - ասել է Գուտերեշը։
Նրա խոսքով՝ 2023 թվականը «հսկայական տառապանքի, բռնության և կլիմայական քաոսի տարի էր»։
«2023 թվականը դիտարկումների պատմության մեջ ամենաթեժ տարին էր։ Մարդիկ գտնվում են աղքատության և սովի աճող խնդիրների մամլիչի տակ։ Պատերազմները դառնում են ավելի ու ավելի դաժան և բազմաթիվ: Միևնույն ժամանակ, վստահությունը սպառվում է: Բայց փոխադարձ մեղադրանքներն ու զենքի սպառնալիքները ոչնչի չեն հանգեցնում», - ընդգծել է գլխավոր քարտուղարը։
Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ը կշարունակի միավորել ամբողջ աշխարհի մարդկանց խաղաղության, կայուն զարգացման և մարդու իրավունքների համար պայքարում: