ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավագանին չի հաստատել 2024 թ. տարեկան բյուջեն։ Ավագանու տարեվերջյան՝ արտահերթ նիստում ավագանու 32 անդամներից միայն 15–ն են կողմ քվեարկել։
Ձայների նույն հարաբերակցությամբ չի հաստատվել նաև 2024 թվականի աշխատանքային պլանը։
Բյուջեին դեմ քվեարկած «Քաղաքացիական պայմանագիր» և «Զարթոնք» կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքով այն իրատեսական չէ ու չի լուծում քաղաքի խնդիրները։
Ձայների մեծամասնությամբ «Բալասանյան» դաշինքն ընտրել է երկու փոխքաղաքապետների։ Քաղաքապետի առաջին տեղակալ է դարձել Լուսինե Սանոսյանը` ստանալով 17 կողմ, 11 դեմ, 4 ձեռնպահ ձայներ։ Ձայներին նույն հարաբերակցությամբ քաղաքապետի տեղակալ է դարձել նաև Սուրեն Ջանոյանը։
Նշենք, որ բյուջեն մի քանի օր առաջ ներկայացվել էր քննարկման և կազմում է 5 մլդ 767,7 մլն դրամ, որից 3 մլդ 522, 7 մլն դրամը կազմում է դոտացիան, 2 մլդ 245 մլն-ն՝ սեփական եկամուտները։ 2023 թ.-ի համեմատ բյուջեն ավել էր 1 մլդ 276, մլն-ով, որի մեջ դոտացիայի աճը կազմում է 934,3 մլն դրամ։