ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է երեք-չորս տարվա ընթացքում լուծել Հայաստանի ամենամեծ աղբավայրի` Նուբարաշենի փակման հարցը։
Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Առաջիկա չորս տարիների ընթացքում նախատեսում ենք փակել աղբավայրը և կառուցել նորը»,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով` այս փուլում քննարկվում է նաև ստորգետնյա աղբավայրերի կառուցման հարցը։ Պիլոտային ծրագիրը կմեկնարկի 2024 թվականին։
Նուբարաշենի աղբավայրի փակման և տարածքի վերաօգտագործման հարցը քննարկվում է վերջին մի քանի տարիներին։ Նոր աղբավայրի կառուցման մեկնարկի մասին համաձայնագրի ստորագրման ամսաթիվը երեք անգամ հետաձգվել է։ Առայժմ քաղաքի ծայրամասում գտնվող աղբավայրը գործում է, ամառվա շրջանում այնտեղ անընդհատ հրդեհներ են բռնկվում, որոնք լուրջ վնաս են հասցնում Երևանի էկոլոգիային: Քաղաքային իշխանությունները միջանկյալ ուղիներ են փնտրում այնտեղ հայտնվող թափոնների ծավալը կրճատելու համար։
Նոր աղբավայրը կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին. Նախնական տվյալներով՝ այն նախատեսված է 20 տարվա համար։