2023 թվականին 803 կմ ճանապարհ է ասֆալտապատվել կամ սալարկվել. Սանոսյան

Գնել Սանոսյանը նշում է` իրականացված սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ պլանավորածից ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2023 թվականին իրականացրած սուբվենցիոն ծրագրերով կատարողականը կազմել է 136,7%: Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Սուբվենցիոն ծրագրերով ՏԿԵ նախարարության կատարողականը 136,7% է։ Այսինքն` այս ծրագրերով պլանավորածից շատ ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվել։ Նախատեսված 22 մլրդ դրամի փոխարեն ծախսել ենք ավելի քան 30 մլրդ դրամ, իհարկես սա արվել է վերաբաշխումների արդյունքում»,– նշեց ՏԿԵ նախարարը։
Նրա խոսքով` ճանապարհաշինության առումով էլ ցուցանիշները գոհացուցիչ են, հիմնանորոգման արդյունքում կատարողականը 132% է: Պլանավորված է եղել ծախսել 45 մլրդ դրամ, բայց իրականում ծախսվել է մոտ 60 մլրդ դրամ։
Գնել Սանոսյանն ընդգծեց, որ 2023 թվականին 803 կմ ճանապարհի ասֆալտապատում կամ սալարկում է իրականացվել։ Այսքանից 210 կմ–ն ասֆալտապատվել է, իսկ 38,5 կմ-ը՝ սալարկվել է սուբվենցիոն ծրագրերով։