ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. 2023 թ. 1–ին կիսամյակում ՀՀ–ում աշխատանքի և բնակության իրավունք է ստացել 11 092 օտարերկրացի։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
«2023 թ. 1–ին կիսամյակի վերջի դրությամբ աշխատանքի հիմքով վավեր կացության կարգավիճակ կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ունեցող օտարերկրացիների թվաքանակը կազմել է 11 092 անձ»,– նշված է ծառայության պատասխանի մեջ։
2023 թ. առաջին 9 ամսում ՀՀ ամենից շատ եկել են ՌԴ–ից` 1 մլն 325 135 մարդ, 2–րդ տեղում Վրաստանն է` 268 071 մարդ, 3–րդ տեղում` Իրանը` 136 065 մարդ։
ՀՀ–ից ամենից շատ մեկնել են դեպի ՌԴ` 1 մլն 327 965 մարդ։ Ստացվում է`այս տարի ՀՀ–ից դեպի ՌԴ ավելի շատ մեկնել են, քան վերադարձել։
Այս տարվա ընթացքում ՀՀ են այցելել մեր երկրի համար ոչ ավանդական երկրներից` Նիդեռլանդներ, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա։