Ռազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բոլոր տեսակի մեքենաների համար

Արխիվային լուսանկար
Վերին Լարսում կուտակվել է ավելի քան 3 հազար բեռնատար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի– Sputnik. Ռազմավիրական ճանապարհով բոլոր տեսակի մեքենաների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է եղանակի վատթարացման պատճառով, Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի վարչությունը:
«Վլադիկավկազ - Լարս հատվածում դեկտեմբերի 28–ի ժամը 13:00-ից մինչև հատուկ կարգադրությունն արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից դեպի Վրաստան ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ երեկ թույլատրվել էր երթևեկությունը մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար, սակայն բեռնատարների համար այն մնացել էր փակ։ Այժմ ավելի քան երեք հազար բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետում։
ԱԻՆ աշխատակիցները տեղում կազմակերպել են ջեռուցման կետեր, որտեղ վարորդները կարող են ոչ միայն տաքանալ, այլև լիցքավորել հեռախոսները:
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի, այնուհետև ՝ Հայաստանի հետ: