ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Պակիստանի ժամանակավոր վարչապետ Անվար-ուլ-Հակ Կակարն արգելել է երկրում Նոր տարվա հետ կապված բոլոր տոնակատարությունները՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության: Այս մասին հայտնում է «Geo» հեռուստաալիքը։
«Պաղեստինի ժողովուրդը տխուր վիճակում է․․․ ուստի, հաշվի առնելով իրավիճակը, Պակիստանի կառավարությունը որոշել է արգելել Նոր տարվա հետ կապված բոլոր տոնակատարությունները։ Ես դիմում եմ բոլոր պակիստանցիներին․ համերաշխություն դրսևորեք ճնշված պաղեստինցիների նկատմամբ»,-ասել է նա։
Ավելի վաղ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության ամանորյա տոնակատարություններն արգելելու մասին հայտնել էր ԱՄԷ-ի Շարժա քաղաքը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: