ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երուսաղեմի «Կովերի պարտեզ» տարածք զինված սադրիչներ ներխուժման հետևանքով վիրավորվել ենվարդապետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ներխուժումից հետո ոստիկանություն են տարվել 6 սադրիչների և հայ համայնքից երկու երիտասարդների։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ, ակտիվիստ Սեդրակ Բալյան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ավելի քան 30 զինված սադրիչ՝ դիմակներով, մահաբեր և ոչ մահաբեր զինատեսակներով ներխուժել են Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք և դաժանաբար հարձակվել այնտեղ գտնվողների վրա: Հայոց հոգևոր ակադեմիայի մի քանի քահանա, սարկավագներ և ուսանողներ, ինչպես նաև բնիկ հայեր լուրջ վնասվածքներ են ստացել։
Բալյանը մանրամասնեց` դեպքը տեղի է ունեցել կեսօրվա ժամերին. մի խումբ սադրիչներ, ենթադրաբար` արաբ վարձակալած խմբավորում, շատ բռնի ու վայրագ ձևով հարձակվել է հայ համայնքի անդամների, վարդապետների և եպիսկոպոսների վրա։
«Հարձակվել են երկաթներով ու տարբեր միջոցներով ու փորձել են ներխուժել տարածք, մի քիչ առաջ էին եկել, կարողացանք հետ շպրտել նրանց ու պահպանել մեր գիծը։ Ոստիկանությունը, չնայած նրան, որ 50 մետր հեռավորության վրա էր գտնվում, եկել է 20 րոպե ուշ։ Եկան, բան չարեցին, սպասեցին։ Իրենք ոստիկանության առջև քարեր էին նետում մեզ վրա, մեր վարդապետի վրա քար և տարբեր միջոցներով էին նետում»,–պատմեց Բալյանը։
Նա դիտավորություն է տեսնում նրանում, որ ոստիկանությունն ուշ է արձագանքել, քանի որ ոստիկաններին շատ լավ հայտնի է, որ այդ տարածքում լարվածություններ են լինում։
Այս պահին հայ համայնքից երկու երիտասարդ գտնվում են ոստիկանությունում։ Իրենք էլ արդեն տևական ժամանակ է 24/7 ռեժիմով հերթապահություն են իրականացնում։
«Պատրիարքությունը մեզ տեղեկացրեց, որ դատական գործ են սկսել։ Եվ ենթադրում ենք, որ սա դրա պատասխանն է` անօրինական, բռնի և վայրագ ձևերով։ Դատական քննության փուլը սկսվել է, դրանից հետո վարձակալությունը սառեցվել է, գուցե փորձում էին մինչև դատավարությունը գրավել տարածքը, որ հետո ստիպված չլինեն սառեցնել»,–հավելեց նա։
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով գործարար Դենիել Ռուբինշտեյնին վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։