«Կովերի պարտեզ» զինված սադրիչներ են ներխուժել. հայ քահանաներ և քաղաքացիներ են վիրավորվել

Արխիվային լուսանկար
Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետը տեղի ունեցածը զանգվածային և համակարգված ֆիզիկական հարձակում է որակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երուսաղեմի «Կովերի պարտեզ» կալվածքի տարածք 30 զինված սադրիչ է ներխուժել, ինչի հետևանքով բազմաթիվ վիրավորներ կան։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Աղան Գոգչյանը։
Նա ընդգծել է, որ միջադեպը տեղի է ունեցել իր հրապարակումից 1 ժամ առաջ։
«Ավելի քան 30 զինված սադրիչ՝ դիմակներով, մահաբեր և ոչ մահաբեր զինատեսակներով ներխուժել են «Կովերի պարտեզի» տարածք և դաժանաբար հարձակվել այնտեղ գտնվողների վրա: Հայոց հոգևոր ակադեմիայի մի քանի քահանա, սարկավագներ և ուսանողներ, ինչպես նաև բնիկ հայեր լուրջ վնասվածքներ են ստացել։ Սա զանգվածային և համակարգված ֆիզիկական հարձակում էր»,– նշել է Գոգչյանը։
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում ամբողջ աշխարհի իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել փրկել հայկական թաղամասը բռնի ոչնչացումից, որին տեղական մակարդակում աջակցում են անանուն կազմակերպությունները:
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով գործարար Դենիել Ռուբինշտեյնին վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։