Խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունները վճռորոշ փուլում են. Ալիևի ներկայացուցիչ

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը մեկնաբանել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ու Հայաստանն այնքան էլ հեռու չեն խաղաղության համաձայնագրի կնքումից։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հայտնում է The Guardian-ը:
«Կարևոր է հասկանալ, որ բանակցությունների այս վճռորոշ փուլում, երբ մենք, ամենայն հավանականությամբ, այնքան էլ հեռու չենք վերջնական համաձայնությունից, մեզ իսկապես անհրաժեշտ են արդյունավետ գործողություններ»,–հայտարարել է Ամիրբեկովը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը կուսումնասիրի Ադրբեջանի հերթական առաջարկներ խաղաղության պայմանագրի վերաբերյալ և պատշաճ կարգով կարձագանքի այդ առաջարկներին։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում ցանկանում են կողմերի միջև վեճերի լուծման մեխանիզմ ստեղծել: Նա պարզաբանել է, որ խոսքը մի հոդվածի մասին է, որում կխոսվեր ինչ-որ երկկողմ հանձնաժողովի մասին, որն անհրաժեշտ է ստեղծել համաձայնագրի բոլոր թյուրըմբռնումները կամ մեկնաբանման տարբերությունները վերացնելու համար:
Չնայած ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանմանը, խաղաղությունը մոտ է. Միրզոյան
Ամիրբեկովն ընդգծել է, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը իրենց համար վճռորոշ նշանակություն ունի ազգային անվտանգության տեսանկյունից, այն դիտրակվում է որպես այլընտրանքային երթուղի Միջին միջանցքի շրջանակում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այլևս չի կարող ժամանակ կորցնել, թեև Հայաստանը դեռևս չի սկսել 42 կիլոմետրանոց հատվածի (հայկական տարածքով անցնող-խմբ.) տնտեսական-տեխնիկական հիմնավորման աշխատանքը։
«Իհարկե, մենք չենք կարող ստիպել Հայաստանին կատարել այն, ինչ իրենք պարտավորվել են անել ավելի վաղ, և անիմաստ է ենթադրել, որ մենք կներխուժենք (Հայաստան – խմբ.), որպեսզի ուժով պարտադրենք։ Այդ պատճառով մենք դիմել ենք Իրանին, որպես պլան «Բ» Իրանի տարածքով ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար», - ասել է նա։
Ներկայացուցչի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհի գոյությունը կարող է ստիպել Հայաստանին գիտակցել, թե որքան կարող են կորցնել նրանք՝ շարունակելով դիմադրել այն երթուղուն, որը կարող է անցնել իր տարածքով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ավելի վաղ Հայաստանին էր ուղարկել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Բաքուն ակնկալում է կողմերի հանդիպումներ 2024 թվականին: Բայրամովն ընդգծել է, որ վերջին շրջանում իրենք դրական ազդակներ են ստանում Երևանից, բայց Հայաստանից իրական գործողություններ են ակնկալում խաղաղ գործընթացի վերաբերյալ:
Իսկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 27-ին մամուլի աուլիսի ժամանակ նշել էր, որ պաշտոնական Երևանը Արբեջանի հետ բանակցություններում տեսնում է և՛ դրական, և՛ բացասական ազդակներ։
https://armeniasputnik.am/20231227/chnajats-lgh-haj-bnakchutjan-brni-teghahanmany-khaghaghutjuny-mvot-e-mirzvojan-70560964.html