Իսրայելի դեսպանն Անկարա չի վերադառնա, քանի դեռ Էրդողանն է Թուրքիայի նախագահը. ԱԳՆ

Իսրայելի դրոշ
Թուրքիայի նախագահն ավելի վաղ քննադատել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենըհայտարարել է, որ իրենց դեսպանը Թուրքիա չի վերադառնա, քանի դեռ այդ երկրի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցում:
Թուրքիայի նախագահը դեկտեմբերի 27-ին քննադատել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրան հերթական անգամ համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ: Նեթանյահուն էլ հայտարարել էր` Էրդողանը, որ ցեղասպանություն է իրականացրել քրդերի նկատմամբ և ռեկորդակիր է իր ռեժիմի դեմ հանդես եկող լրագրողներին ձերբակալելու թվով, վերջինն է, որ կարող է մեր գլխին խրատ կարդալ:
«Ես ճիշտ եմ համարում Թուրքիայից Իսրայելի դեսպանին հետ կանչելու որոշումը, որը կայացվել է մի քանի ամիս առաջ։ Արդարացված որոշում է։ Քանի դեռ Էրդողանը Թուրքիայի նախագահն է, Իսրայելի դեսպանին Թուրքիա վերադարձնելն իմաստ չի ունենա։ Վերջ», - նշել է Քոհենը։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «դահիճ» և «մարդասպան» է անվանել, հայտարարել, որ նա Գազայի հատվածում ցեղասպանություն է կազմակերպել իր քաղաքական կարիերան երկարացնելու և Իսրայելում իր դեմ սկսված դատական գործընթացից խուսափելու համար։ Բացի այդ, Անկարան հրաժարվում է ՀԱՄԱՍ–ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուց։
Իսրայելցի բոլոր դիվանագետները, այդ թվում` դեսպանը, Թուրքիայից հեռացել են դեռ հոկտեմբերի 19-ին: