ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը քննարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին Գրիգորյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Գոհունակությամբ ընդգծել ենք երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը»,–գրել է ՀՀ ԱԽՔ–ը:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում կարևորել են ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:
Հիշեցնենք, որ Աբդոլլահիանը Հայաստան է ժամանել դեկտեմբերի 27-ին։ Նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը։ Մինչ ասուլիսը ՀՀ ԱԳՆ–ում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների առանձնազրույցը, այնուհետև հանդիպում է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո ՀՀ–ի և Իրանի արտգործնախարարները համատեղ ասուլիս են տվել։