ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երևանի և ՌԴ տարբեր քաղաքների միջև հաստատված են գործընկերային հարաբերություններ, ինչն էլ հնարավորություն կտա ընդլայնել գործակցության շրջանակն ու համատեղ նոր ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության որոշակի բնագավառներում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ քաղաքապետարնում հանդիպման ժամանակ։
Ավինյանը ևս կարևորել է Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև ձևավորված հարաբերություններն ու ընդգծել, որ դրանք զարգացման հեռանկարներ ունեն:
Որպես հաջողված գործակցության օրինակ՝ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ է կատարել նախագծման թույլտվության և ճարտարապետահատակագծային առաջադրանք կազմելու գործընթացում, որում հաշվի է առնվել նաև քույր քաղաք Դոնի Ռոստովի փորձը:
Անդրադառնալով գործարար շրջանակներին՝ Ավինյանը կարևորել է ռուսաստանյան ընկերությունների ակտիվ մասնակցությունը Երևանի քաղաքապետարանի հայտարարած նախագծերի մրցույթներին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ-ռուսական առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն: