«Երասխ 2» զորամասի տարածքը կվերադարձվի պետությանը. ՀՀ գլխավոր դատախազ

Աննա Վարդապետյան
Աննա Վարդապետյանի խոսքով` պետական նշանակության տարածքը 2009 թ. սեփականաշնորհվել է օրենքի խախտմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Երասխ 2» զորամասի տարածքը, որն օտարվել է 2009 թ., կվերադարձվի ՀՀ–ին։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նա նշեց, որ խոսքը վերաբերում է Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի` 2005 թ. որոշումներով անհատույց օգտագործման իրավունքներով ՊՆ–ին տրամադրված հատուկ նշանակության հողամասին, որն ունեցել է զորամասի կարգավիճակ` «Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերը։
««Երասխ 1»–ի գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում, իսկ «Երասխ 2»–ը կամրացվի ՀՀ պետական գույքի կոմիտեին։ ԱԱԾ–ում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ 2009 թ. պաշտպանության նախարարը (Սեյրան Օհանյան. խմբ.), խախտելով «Հողային օրենսգրքի» պահանջները, ըստ որոնց` արգելվում է քաղաքացիներին ու իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը, հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ անհատույց իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ 2» տարածքը (0.9 հա մակերեսով) ու դրա վրա առկա շինությունները»,– հայտարարեց Վարդապետյանը։
Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ դատախազությունը հայցադիմում է ներկայացրել այդ տարածքի սեփականատեր Նորայր Կարապետյանի դեմ` պահանջելով անվավեր ճանաչել ՊՆ–ի և նրա միջև 2009 թ. կնքված առուծախի պայմանագիրը։ 2023 թ. սեպտեմբերին ՀՀ գլխավոր դատախազության ու Նորայր Կարապետյանի միջև հաշտության պայմանագիր է կնքվել, ըստ որի` նա ընդունել է դատախազության պահանջը և պարտավորվել «Երասխ 2»–ը վերադարձնել պետությանը։
Վարդապետյանը հիշեցրեց, որ 2023 թ. փետրվարին «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիր էր ներկայացրել ՀՀ ԱԺ, որը բավարարվել էր։ Այժմ Օհանյանի գործը գտնվում է դատական փուլում։