ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի Հայաստան այցի առանցքում եղել են անվտանգային խնդիրները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նշենք, որ Աբդոլլահիանը Հայաստան է ժամանել երեկ` դեկտեմբերի 27-ին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո նրանք համատեղ ասուլիս են տվել, այնուհետև հանդիպում է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցը, փորձագետը համարում է նշանակալի իրադարձություն Հայաստանի համար, քանի որ այժմ հայ–իրանական հարաբերությունները զարգանում են երկու կարևոր ուղղությամբ։
«Առաջինը երկկողմ հետաքրքրություններով հարաբերություններն են. որպես ԵԱՏՄ անդամ ՀՀ–ն միակ պետությունն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ և կարող է հանդես գալ որպես հարթակ Իրան–ԵԱՏՄ հարաբերությունների համատեքստում։ Հետևաբար այս այցը կարող է փոխկապակցված լինել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրված ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի ստորագրման հետ»,–ասաց փորձագետը։
Սակայն նա համոզված է, որ բացի ԵԱՏՄ–ի հետ փոխգործակցության նոր ձևաչափի ստեղծման խնդիրներից, այլ կարևոր խնդիրներ էլ են եղել, որոնք քննարկվել են ՀՀ–ի հետ։
«Դժվար չէ կանխատեսել, որ Աբդոլահիանի և Միրզոյանի փակ դռների հետևում քննարկումներն ընթացել են մի քանի առանցքների շուրջ, որոնցից ամենակարևորը անվտանգության խնդիրներն են։ Այս տարածաշրջանում Թուրքիայի փաստացի ու պաշտոնապես հայտնվելուց հետո նոր մարտահրավերներ ու ռիսկեր են ստեղծվել նաև Իրանի համար։ Եվ այդ ռիսկերի զգալի հատվածը ընդհանուր է թե՛ Հայաստանի, և թե՛ Իրանի համար»,–ասաց Ոսկանյանը։
Ըստ իրանագետի` նաև անվտանգությունից է բխում շատ կարևոր երկու հարց, որն առաջին հայացքից ունի տնտեսական նշանակություն, բայց նաև առնչվում է Հայաստանի` որպես աշխարհաքաղաքական գործոնի դերակատարության վերականգմանը. խոսքը «Հյուսիս–հարավ» տրանսպորտային հանգույցի մասին է։ Նրա խոսքով` հնդկական ու իրանական կողմը շահագրգիռ են, որպեսզի այդ տրանսպորտային հանգույցի մի ճյուղն անցի ՀՀ-ի տարածքով։
Իսկ երկրորդը` իրանական «Պարսից ծոց–Սև ծով» տրանսպորտային հանգույցն է։
«Թեև դիվանագիտական տիրույթում դրա մասին չեն խոսում, բայց իրանցիները Հայաստանին դիտարկում են որպես կարևոր երկիր, որը կկարողանա ապահովել այս պետության ելքը դեպքի հյուսիս։ Այս ուղղությամբ ցամաքային միակ ճանապարհը թուրք–ադրբեջանական տարածքն է, բայց իրանական կողմը չի ցանկանում, որ այն ստանա էքսքլյուզիվ բնույթ։ Հետևաբար, այս առումով ՀՀ–ի հետ հարաբերությունները շատ կարևոր են»,–ընդգծեց մեր զրուցակիցը։
Հենց Իրանի շահերից է բխում է, որ ՀՀ–ն որևէ կերպ չզիջի իր դիրքերը, խոսքը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին է։
Այս իրավիճակում Ոսկանյանը վստահ է, որ Հայաստանը կարող է դառնալ յուրատեսակ առանցք Թեհրան–Երևան–Մոսկվա և Դելի–Թեհրան–Երևան–Մոսկվա ուղղությունների համար։
Իսկ Իրանի հետ հարաբերությունները կարող են ավելի արդյունավետ լինել. Հայաստանն իր անվտանգության ճարտարապետությունը կուռ դարձնելու ու խոցելիությունը մեղմելու ճանապարհին պետք է Իրանի հետ ռազմավարական գծով դաշնակցային հարաբերություններ ունենա։