ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. «Sputnik Արմենիայի» նկատմամբ ՀՌՀ–ի կիրառած տույժն ակնհայտորեն անհամաչափ է եղել, քանի որ ՀՌՀ–ի կողմից մեջբերված իրավանորմերը կիրառելի չեն։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) որոշեց «Sputnik Արմենիա» ռադիոկայանի գործունեությունը դեկտեմբերի 26–ից կասեցնել 30 օրով, ինչպես նաև տուգանել 500.000 դրամով։ Որպես կասեցման հիմք նշվում են Արման Աբովյանի հեղինակած «Աբովյան թայմ» և Տիգրան Քեոսայանի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդումների ընթացքում հնչեցված մտքերը:
Հայաստանի ժուռնալիստների միությունից հայտնում են, որ երկու թողարկումներում էլ չթույլատրված արարքի կոչ կամ սխալ, ոչ հավաստի տվյալների հրապարակում չի եղել, առկա չեն եղել ո՛չ հրահրող խոսքի, և ո՛չ էլ ակնհայտ սխալ տեղեկությունների տարածման փաստեր։
«Տվյալ պարագայում մենք գործ ունենք գնահատողական արտահայտությունների հետ, որոնք լայն պաշտպանվածություն ունեն լրագրողական ազատությունների տեսանկյունից։ Եթե նույնիսկ իրավունքների գերազանցում կա, ապա դա պետք է քննարկվի պատվի, արժանապատվության պաշտպանության համատեքստում, որի համար ներդրված են քաղաքացիաիրավական մեխանիզմներ, և անթույլատրելի է պետության ռեսուրսի՝ ՀՌՀ-ի օգտագործումը մասնավոր հարաբերությունների խնդիրներ լուծելու համար»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ ՀՌՀ սույն որոշմամբ վարչական ռեսուրսը բացահայտորեն չարաշահվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով, այնինչ տվյալ դեպքում ՀՌՀ-ի խնդիրը հանրային շահի դեմ ոտնձգությունը կանխելն է, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը։
Խոսելով տարբերակված և կողմնակալ մոտեցման մասին` միությունից նշել են, որ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, որը հանդիսանում է ապաքաղաքականացված կառույցի ղեկավար, Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի հետ համատեղ վարում է հաղորդում, որտեղ հաճախ քննարկվում են նաև քաղաքական ենթատեքստ ունեցող հարցեր, որի շրջանակներում էլ կարելի է ենթադրություններ կատարել նաև հենց Տիգրան Հակոբյանի քաղաքական հայացքների մասին, որոնք շատ հաճախ մոլորեցնում են հասարակությանը՝ ծառայելով իշխանական քարոզչության տարածմանը։
«Վերոգրյալը հաշվի առնելով՝ ողջամիտ կասկած է առաջանում առ այն, թե արդյոք ապաքաղաքական անկախ կառույցի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի քաղաքական հայացքներն ամեն դեպքում չեն անդրադառնում նրա և հանձնաժողովի լիազորությունների իրականացման վրա»,– ասված է հաղորդագրությունում:
Ժուռնալիստների միությունից հիշեցրել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ, համաձայն որի՝ վերջիններս օժտված են առավել լայն խոսքի ազատությամբ, քանի որ իրականացնում են տեղեկությունների ստացման, մշակման և ստացված տեղեկությունը հասարակությանն իրազեկելուն ուղղված գործողություններ։