ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրում առանց ընդերքն օգտագործելու թույլտվության և պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու հերթական դեպքն է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` «Սաշա և Սպարտակ» ընկերության երկու տնօրենները՝ Ա.Զ.-ն և Հ.Գ.-ն, 2021 թվականից սկսած տարբեր ժամանակահատվածներում, խախտել են ընդերքի պահպանման և օգտագործման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ արդյունահանել են պետական սեփականություն համարվող օգտակար հանածո՝ ընդհանուր 25 հազար 392.1 խմ ծավալի ավազ:
Արդյունքում պետությանը պատճառվել է 43 մլն 583 հազար 300 դրամի վնաս:
Ընկերության տնօրենների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թ․ ընդունված Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասով (հողը փչացնելը), 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) և Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը):
Դեկտեմբերի 27-ին «Սաշա և Սպարտակ» ընկերությունն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 43 մլն 583 հազար 300 դրամը:
Հավելենք, որ սա Մասիսում բացահայտված ավազի ապօրինի արդյունահանման առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ պարզվել էր, որ նաև Սիփանիկ գյուղում են պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանել` առանց ընդերքն օգտագործելու թույլտվության։ Մինչ այդ նաև ՊԵԿ-ն էր հաղորդագրություն տարածել Սիս գյուղում ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման մասին։