ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել և «Արիության» մեդալ է հանձնել հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանն ու Նարեկ Պողոսյանը
© Photo : MoD of Armenia
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանը ադրբեջանական կրակոցից վիրավորում էր ստացել Սոթքում 2023 թ. սեպտեմբերի 1-ին։ Նրա անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում։ Բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել նրան` սրտի զարկերը վերականգնվել էին, բայց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
«ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է այս պահին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում ինտենսիվ բուժում ստացող Նարեկի առողջական վիճակով և բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Նարեկի արարքը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում։ Նրա ցուցաբերած արիության համար պարգևատրել զինծառայողին։
Սուրեն Պապիկյանն ու Նարեկ Պողոսյանը
© Photo : MoD of Armenia
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել էր նաև ականանետներ և անօդաչու սարքեր: Հայկական կողմից 3 զինծառայող էր զոհվել, 2–ը` վիրավորվել: