ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ռուս հայտնի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան որպես իրողություն է ընդունել, որ իրեն հեռացրել են հեռուստաեթերից բլոգեր Անաստասիա Իվլեևայի կազմակերպած «մերկ երեկույթին» մասնակցելուց հետո: Նա ասել է այդ մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում։
«Ոչինչ չեմ կարող անել դրա դեմ, միայն ընդունել որպես իրողություն։ Նեղվեցի, և ճնշումս բարձրացավ։ Կփորձեմ պինդ մնալ», - պարբերականին հայտնել է Միլյավսկայան։
ՌԲԿ-ի տվյալներով՝ հեռուստաալիքները քննարկում են Լոլիտայի և աղմկահարույց երեկույթի մյուս մասնակիցների ելույթները եթերից բացառելու հնարավորությունը:
Միջոցառման լուսանկարներն ու տեսանյութերը հասարակական հնչեղություն են ստացել։ Ինչպես նշել է պարբերականի զրուցակիցներից մեկը, ամենայն հավանականությամբ, ներողության խնդրած արտիստները կմնան հաղորդումների ֆոնային կադրերում, սակայն հարցականի տակ են նրանց ելույթները բեմում:
Դեկտեմբերի լույս 21-ի գիշերը «Մուտաբորում» տեղի է ունեցել հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Իվլևայի երեկույթը, որի հյուրերին առաջարկվել է գալ «գրեթե մերկ»: Համացանցում Իվլևայի խնջույքը դժգոհություն է առաջացրել։ Ինչպես հայտնել է Պետդումայի պատգամավոր Մարիա Բուտինան, նա դիմել է «Ռոսկոմնադզոր», ՆԳՆ և մշակույթի նախարարություն՝ խնդրելով ստուգել և իրավական գնահատական տալ երեկույթին: Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնի խոսքով՝ «Ռոսկոմնադզորը» ԼԳԲՏ քարոզչության նշաններ է տեսնում Իվլեևայի «մերկ երեկույթի» մի քանի նյութերում, որոնք հրապարակվել են համացանցում: Պատգամավորը հայտարարել է, որ կարգավորիչը սկսել է զբաղվել այդ կոնտենտի հեռացմամբ և արգելափակմամբ։ Այս տեղեկությունը հաստատել են գերատեսչությունում։