Իրանը կարող է տրանսպորտային հանգույց դառնալ ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի շնորհիվ

Իրան
Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարը կարծում է, որ մեծ ներուժ կա ԵԱՏՄ երկրների հետ ավիատրանսպորտային հարաբերությունների զարգացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իրանը շուտով կդառնա խոշոր տրանսպորտային հանգույց՝ շնորհիվ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի: Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը:
«Մեր երկիրը ելք ունի դեպի ծով, ու դա մեզ հնարավորություն է տալիս բեռների փոխադրում իրականացնել «Հյուսիս–Հարավ» միջանցքով։ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ավիատրանսպորտային հաղորդակցության զարգացման հետ միաժամանակ Իրանը կվերածվի խոշոր տրանսպորտային հանգույցի»,-հայտնել Է գերատեսչության ղեկավարը:
Նա հավելել է, որ, հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և տրանսպորտի տարբեր տեսակներով բեռնափոխադրումների փորձը, մեծ ներուժ կա ԵԱՏՄ երկրների հետ ավիատրանսպորտային հարաբերությունների զարգացման համար՝ այդ ոլորտում նրանց կարիքները բավարարելու նպատակով:
Նշենք, որ դեկտեմբերի 25-ին ԵԱՏՄ երկրները Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիր են ստորագրել:
2019 թվականի հոկտեմբերից գործում էր ժամանակավոր համաձայնագիր, որի շրջանակում կողմերն անցել են առևտրի արտոնյալ պայմանների. սակագնային արտոնություններ են ստացել շուրջ 360 ապրանքատեսակներ, ինչը թույլ է տվել ավելի քան երկու անգամ (2019 թվականի 2,45 միլիարդ դոլարից մինչև 2022 թվականի 6,2 միլիարդ դոլար) մեծացնել առևտուրը՝ չնայած համավարակին և Մոսկվայի, Մինսկի և Թեհրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներին։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրեր ունի Վիետնամի և Սերբիայի հետ։ Ավելի վաղ նույնպիսի համաձայնագիր էր ստորագրվել նաև Սինգապուրի հետ, սակայն այն այդպես էլ չի վավերացվել:
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի արտահանմանը և Հյուսիս–հարավ երթուղուն. Պուտին